38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հին Չինաստանում գինին համարվում էր մարդկանց «փոխակերպող» ալքիմիական հեղուկ

Հին Չինաստանում գինին համարվում էր  մարդկանց «փոխակերպող» ալքիմիական հեղուկ
10.02.2015 | 12:09

Մենք, իհարկե, արդեն սովորել ենք, որ ՉԺՀ-ն կանոնավորապես առաջատար դիրքեր է նվաճում ամենատարբեր և նույնիսկ անսպասելի ոլորտներում։ Ահա և վերջերս պարզվեց, որ վերջին տարիներին Չինաստանը դարձել է գինու՝ աշխարհի խոշորագույն սպառողներից, ինչպիսիք են Իտալիան և Ֆրանսիան։ Չինացիներն անցած տարի խմել են մոտ երկու միլիարդ շիշ կարմիր գինի, վերջին հինգ տարում դրա սպառման մակարդակը բարձրացնելով ավելի քան 136 %-ով։ Սակայն վաճառասեղանին կա նաև սպիտակ գինիների ամենալայն տեսականին, իսկ գինու ավանդական տեսակներն այստեղ ներկայացվում են հսկայական քանակությամբ։ Այդուամենայնիվ, հենց կարմիր գինին է մեծ պահանջարկ վայելում Չինաստանում։ Ինչո՞ւ են չինացիներն այդքան սիրում այն։ Ինչպես քանիցս ասել ենք, երկրի բնակիչները շատ սնահավատ են, այդ թվում նաև գույների հարցում, իսկ կարմիրը, չինացիների համոզմամբ, հաջողության ու երջանկության գույն է, մինչդեռ սպիտակը՝ մահվան։ Բայց հնարավոր է, որ այս նախընտրության արմատները շատ խոր են։
Պետք է նկատել, որ Չինաստանում գինեգործությունը մոտ 5000 տարվա պատմություն ունի, ինչը հաստատում են հայտնաբերված հին հնձաններն ու մեծ քանակությամբ անոթները, որոնք նախատեսված են եղել հենց գինու համար։ Բայց այդ գինին մեր իմացած խմիչքը չի եղել։ Այն, ինչ խմել են չինացիները, եղել է ալկոհոլի ու լավ խմորված բրնձի շիլայի խառնուրդ։ Իհարկե, գինու առաջացման հետ կապված շատ լեգենդներ են պտտվում։ Այսպես, վաղո՜ւց, շատ վաղուց մի խոհարար ջուր է լցնում բրնձի վրա, կճուճի բերանը ծածկում ու դնում է մի անկյուն։ Դնում է ու մոռանում։ Միառժամանակ անց քթին է հասնում մի անծանոթ սուր հոտ։ Դեսուդեն է նայում, փնտրում և տեսնում, որ հոտը կճուճից է։ Փորձում է բրնձախյուսի համը, և այնքան է դուրը գալիս, որ էլի ու էլի է համտեսում։ Քեֆովցած խոհարարի քրքիջի և ուրախ կչկչոցի վրա գալիս են մյուս աշխատողները, իրենք էլ են փորձում խելահեղ շիլան, ու բոլորին դուր է գալիս։ Դա գինու առաջին համտեսումն է եղել։ Այսպես է, իբր, առաջացել «Դեղին գինին»՝ չինական գինու ամենահին տեսակը։ Դա պատրաստվում է մածուցիկ բրնձից կամ կորեկից՝ 15-20 % ալկոհոլի պարունակությամբ։ Խմիչքը նարնջադեղնավուն երանգ ունի։ Լավագույն դեղին գինին պատրաստում են Չժեցզյանի նահանգի Շաոսին քաղաքում, և այն այդպես էլ կոչվում է՝ «Շաոսինի հին գինի»։ Այդ խմիչքը ոչ միայն ժամանակի ընթացքում չի փչանում, այլև է՛լ ավելի վառ գույն, համուհոտ է ձեռք բերում։ Մի վարկածի համաձայն, հենց այս չինական գինուց է ծնունդ առել ճապոնական սակեն։ Չինական գինին, ինչպես և սակեն, խմում են գոլ վիճակում։ Այն լցնում են ճենապակե լայն սափորիկները և դնում տաք ջրով լի ամանի մեջ մինչև գոլանալը։ Գինին խմում են ճենապակե և նեֆրիտե թասիկներով։ Թաս թասի խփելը հարմար չէ դրանցով, ասենք, Չինաստանում դա ընդունված էլ չէ։ Կենաց ասելիս պետք է, ի նշան հարգանքի, աջ ձեռքով բարձրացնել թասը, իսկ ձախը հպել թասի տակին։ Ինչպես առաջներում, այնպես էլ հիմա հենց շաոսինյան գինին է օգտագործվում հանդիսավոր արարողությունների ժամանակ։ Այն լայն կիրառություն ունի նաև չինական խոհանոցում՝ ձկան կամ մսի կերակրատեսակներ պատրաստելիս։ Ինչպես շատ ժողովուրդների մոտ, չինացիների համար ևս ալկոհոլը սոցիալական դերակատարում է ունեցել. այն օգնել է մարդկանց ընդհանուր լեզու գտնելու։ Նրանց պատկերացմամբ, մի ումպ գինին օգնում է հոգեկան շփում հաստատելու մարդկանց հետ։ Հարսանեկան արարողությունների ժամանակ հարսի ու փեսայի համար երկու գավաթ են բերում, նրանք փորձում են գինին, ապա փոխանակում են գավաթները և էլի մեկական ումպ անում։ Երբ Նոր տարվա առիթով ընտանիքի ղեկավարն ուզում է խմել ի հիշատակ հանգուցյալ մերձավորների, նա գինին խմում է ծիսական թասով և այն դնում է հանգուցյալների անուններով ցուցանակի մոտ։
Հին Չինաստանում գինին համարվել է առաջին հերթին ալքիմիական խմիչք, քանի որ այդ հեղուկը «փոխակերպում է» մարդկանց։ Փոխակերպումը միշտ եղել է հին դաոսյան ալքիմիկոսների ու բժիշկների հետազոտության առարկան։ Այսպիսով, գինին Չինաստանում անխզելիորեն կապված է և՛ դաոսիզմի, և՛ չինական ավանդական բժշկության հետ։ Գինու որակը գնահատվում է ըստ նրա էներգետիկ կարողության, քանի որ այս կամ այն հեղուկն օգտագործելիս, հին չինացիների կարծիքով, մարդը կամ բարելավում է իր մարմնի վիճակը, կամ վատացնում։ Որակյալ ըմպելիքը պետք է զարգացնի Յան էներգիան և կուտակի Ին էներգիա։ Եթե մի խմիչք այդ բնութագրերը չի ունեցել, ապա Չինաստանում այն համարվել է պարզունակ։ Ընդ որում, որակյալ գինին անվանել են «զուլալ ջուր», իսկ անորակը՝ «պղտոր ջուր», և որքան շատ է եղել գինու անցած փոխակերպումների քանակը, այնքան ավելի որակյալ է այն համարվել։ Այսպիսով, Չինաստանում առանձնակի գնահատվել են հնեցված, լավ հարստացված գինիները։
Հետագայում դաոսական հայտնի ալքիմիկոս Գե Հուանի (մ. թ. 3-4-րդ դդ.) տրակտատներում տեղեկություններ են հայտնվում խաղողի գինու մասին, որտեղ այն համեմատում են ալ գույնի հանքանյութի՝ խրուկաներկի հետ։ Խոսքը, ամենայն հավանականությամբ, հնեցված, մուգ կարմիր գինու կամ պահպանման և հարստացման մի քանի փուլ անցած գինու մասին է։ Ի դեպ, դաոսականները խաղողն անվանում էին «բյուրեղյա մաքրություն ունեցող նեֆրիտի պտուղ», իսկ, ինչպես հայտնի է, չինացիների համար նեֆրիտը եղել է և է՛ ոչ միայն ամենահարգի քարը, այլև փոխակերպման հիմնական խորհրդանիշը։ Կարմիր գինին, դաոսական տեքստերի համաձայն, հեղուկներից կարևորագույնն է, որն օգնում էր կատարելագործելու մարդու բնույթը։ Նրա օգտագործումը դաոսական վարպետների և չինական հասարակության վերին խավի առանձնաշնորհն էր։ Նման սահմանափակ օգտագործման պատճառը բացատրվում էր նրանով, որ «միայն պատրաստված մարդիկ էին ընդունակ հասու լինելու նրա զորությանը»։ Գինին հավասարեցվում է գիտելիքին, որը «կարևոր էր ոչ միայն լսել, այլև կարողանալ յուրացնել՝ առանց վնաս պատճառելու հոգուն և առողջությանը»։ Այնպես որ, դեռ Հին Չինաստանում «դեղին գինին» համարվել է «ժողովրդի գինի», իսկ խաղողի կարմիր գինին՝ «իմաստունների ու ազնվականների»։ Կարելի է ենթադրել, որ գինիների հենց այդ հին աստիճանադասման մեջ էլ պետք է փնտրել ՉԺՀ-ի ժամանակակից բնակչության հակումը կարմիր գինու նկատմամբ։
Բայց գանք այսօրվան։ Գինիներից, ինչպես նաև արտասահմանից երկիր ներմուծվող մնացած ամեն ինչից չին սպառողները հիմնականում նախընտրում են աշխարհի ամենահայտնի ու խոշոր ապրանքանիշերը։ Գինու հիմնական մատակարարը Ֆրանսիան է, այնուհետև՝ Ավստրալիան, նաև՝ Վրաստանը։ Վրացական գինիները Չինաստանում հայտնվեցին 2011-ից, բայց սպառման առումով արդեն երրորդ տեղն են գրավում ամբողջ երկրում, իսկ դրանց վաճառքն ավելանում է տարեկան 5 %-ով։ Ներկայումս ներկայացված է վրացական մոտ 20 ապրանքանիշ՝ սկսած ամենամատչելիներից և վերջացրած տեսակավոր բարձրակարգ գինիներով։ Ինչպես հաղորդում է «Սինհուա» գործակալությունը, «այսօրվա դրությամբ Վրաստանի գինու արտահանման մեջ ՉԺՀ-ի բաժինը բավարար է, սակայն վրացի գինեգործները կարծում են, որ իրենց հնարավորությունները բավական մեծ են»։ Ներկայումս Չինաստանին է բաժին ընկնում վրացական գինու արտահանության 15 %-ը, իսկ 2015-ին նախատեսվում է այն հասցնել 20-25 %-ի։ Հիշեցնենք՝ մինչև վերջերս վրացական գինիների 90 %-ն արտահանվում էր Ռուսաստան, բայց 2006-ից հետո, երբ Մոսկվան արգելք սահմանեց Վրաստանի հետ առևտրի վրա, երկիրն սկսեց արտասահմանյան շուկաներ դուրս գալու ելքեր որոնել։ ՉԺՀ-ի հետ, ի դեպ, բոլոր հարցերը լուծվել են պետական մակարդակով։ Սաակաշվիլու Պեկին կատարած այցից հետո ստեղծվեց վրացական գինիների ներկայացման կենտրոն, որը տեղեկություններ էր տարածում խմիչքի մասին։ Բացվեց վրացական գինիների հատուկ խանութ, լայնորեն քարոզվում էր այն, որ Վրաստանում գինիների հարստացման համար օգտագործվում են ավանդական կավե կարասներ։ Չինաստանի սննդի ազգային գիտահետազոտական ինստիտուտի փոխնախագահ Հուա Յուտոնգը նշում է, որ «դա գինուն ավելի լավ համուհոտ է տալիս, որն անհնար է ստանալ ժամանակակից մեթոդներով»։ Միաժամանակ նա ափսոսում է, որ «եթե գինին կարող է հասած և օգտագործման համար պատրաստ լինել, ապա չինացի ոչ բոլոր սպառողներն են առայժմ «հասունացած» դա ընկալելու համար»։ «Մենք առայժմ չունենք այնպիսի առաքիչներ, որոնք կարողանային հնարավոր սպառողին ներկայացնել այդ գինիները, զուգահեռաբար նաև ճաշակ դաստիարակելով»,- ասում է Հուա Յուտոնգը։ Բայց քանի որ Չինաստանում վրացական գինիները ներկայացվում են «դիվանագիտական ներկայացուցչությունների օրհնությամբ», ապա բոլորը վստահ են, որ վրացական գինիները վերջնականապես կնվաճեն չինացիների սիրտը։ Նկատենք նաև, որ չին-վրացական հարաբերությունները, ընդհանուր առմամբ, ներկայումս գտնվում են շատ բարձր մակարդակի վրա։ Բայց այս մասին՝ հաջորդ համարում։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 16422

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ